- Գլխավոր
- Նորություններ
- Նոր ուսումնասիրություն՝ ուղղված կանանց առողջության պահպանմանը
Ապրիլ 30, 2025 | 12:20
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Նոր ուսումնասիրություն՝ ուղղված կանանց առողջության պահպանմանը
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, ավագ գիտաշխատող Ինգա Բազուկյանն ընդգծում է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը քաղցկեղի չորրորդ տարատեսակն է աշխարհում, որի հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսն է: Ըստ նրա՝ մեր բնակչության շրջանում տարածված է մարդու պապիլոմավիրուսով (ՄՊՎ) հարուցվող քաղցկեղի զարգացումը, ինչը հետևանք է նաև այն մտավախության, թե ՄՊՎ դեմ պատվաստումը կարող է հանգեցնել անպտղության: Այս մտավախության պատճառով է, որ շատերը շրջանցում են այդ պատվաստումը: Եվ չնայած ՄՊՎ-ի դեմ կանանց պատվաստման պետական ծրագրին՝ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերի թիվը չի փոփոխվել 2015 թվականից ի վեր։ Ինգա Բազուկյանն իր գիտական խմբի հետ ուսումնասիրում է հեշտոցային միկրոբիոմը՝ առաջարկելու պապիլոմավիրուսի կանխարգելման այլընտրանքային ուղիներ:

Կենսաբանության ֆակուլտետի դոցենտ, ավագ գիտաշխատող Ինգա Բազուկյանի գիտական նախագիծը՝ «Հեշտոցային միկրոբիոմի դերը արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման գործընթացում», ֆինանսավորման է երաշխավորվել ԿԳՄՍՆ-ի «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:
«Միկրոբիոմը մարդու օրգանիզմում (մաշկի վրա, լորձաթաղանթներում) բնակվող բազմաթիվ մանրէների ամբողջությունն է, որի շնորհիվ ապահովվում է մարդու առողջությունը: Եթե որևէ միջոցով, օրինակ, հակաբիոտիկների կիրառմամբ պայմանավորված, մարդու օրգանիզմում պակասում է մանրէների թիվը, առաջանում են առողջական խնդիրներ: Միկրոբիոմն ապահովում է մարսողությունը, խթանում է իմունիտետը և ուղղակիորեն ճնշում է ախտածիններին»,- ասաց Ինգա Բազուկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ է ուսումնասիրվելու հեշտոցային միկրոբիոմը՝ մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված քաղցկեղը կանխարգելելու նպատակով:

Հետազոտությունների համար գիտաշխատողներն ընտրել են բուժառուների 4 խումբ՝ առողջ կանանց, մարդու պապիլոմավիրուսով ախտորոշված պացիենտների, որոնց օրգանիզմում պապիլոմավիրուսը դեռ ոչ մի փոփոխություն չի առաջացրել, մարդու պապիլոմավիրուսով ախտորոշված պացիենտների, որոնց մոտ կա հյուսվածքային փոփոխություն՝ արգանդի պարանոցի դիսպլազիա, ինչպես նաև պապիլոմավիրուսի հետևանքով քաղցկեղ ունեցող կանանց:
Ուսումնասիրությունները կատարվելու են նմուշներից անջատված ԴՆԹ-ների վրա:
«Օգտագործելով մոլեկուլային կենսաբանական եղանակները՝ ուսումնասիրելու ենք, թե կանանց այդ չորս խմբերի մոտ ինչ փոփոխությունների է ենթարկվել միկրոբիոմը, ինչպիսի մանրէներ են պակասել առողջ կնոջ մոտ, որ պապիլոմավիրուսը կարողացել է զարգանալ: Այնուհետև առողջ կանանցից մեկուսացնելու ենք այդ մանրէները և ուսումնասիրելու ենք նրանց կարևոր կենսաբանական ակտիվությունները, օրինակ, թե ինչպես կարող են ճնշել ախտածիններին, խմորասնկերին և այլն»,- նշեց Ինգա Բազուկյանը:

Դրամաշնորհի հաջորդ փուլում գիտական խումբը առնետների մոտ կհարուցի քաղցկեղ՝ դիտարկելու, թե մանրէները ինչպես են կարողանում կանխել քաղցկեղի զարգացումը. «Մանրէները կարող են սինթեզել կարևոր նյութեր, որոնք ոչ միայն ունեն հակաբակտերիալ, հակասնկային, հակավիրուսային հատկություն, այլև կարող են նաև ազդել քաղցկեղի ձևավորման կամ տարածման վրա: Որոշակի հետազոտություններից հետո մենք կկարողանանք առաջարկել այնպիսի մանրէներ, որոնք կկիրառվեն բժշկության մեջ՝ կանանց մոտ պապիլոմավիրուսի կանխարգելման, ինչպես նաև բուժման համար»,- ասաց ԵՊՀ դոցենտը:
Ինգա Բազուկյանի գիտական խմբի կազմում են ԵՊՀ ասիստենտ, կ.գ.թ. Ինեսա Սեմերջյանը, 2-րդ կուրսի ասպիրանտ Տիգրան Ալեքսանյանը, մագիստրոս Ռուզաննա Հարությունյանը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի հղիների պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը։
Գիտական խումբը կհամագործակցի Հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ Նիկոլայ Ավթանդիլյանի ու Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Կարապետյանի թիմերի հետ: Գիտական խմբի արտերկրի խորհրդատուն է Գենտի համալսարանի գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Պիտեր Վանդամը: